Հունիսի ընթերցարան

Անգետիկի և նրա ընկերների արկածները

Նիկոլայ Նոսովի

Գլուխ 1․ Ծաղկառատ քաղաքի ճստլիկները

 Մաս 1

Հեքիաթային մի քաղաքում ապրում էին ճստլիկները: ճստլիկ էին կոչվում, որովհետև նրանք շատ պստիկ էին՝ ամեն մեկը մի մատ վարունգի չափ: Նրանց քաղաքը շատ սիրուն էր: Տների շուրջը աճում էին անթառամ ծաղիկներ, երիցուկներ, խատուտիկներ:
Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:

Գետի մյուս ափին անտառ կար: Ճստլիկները կեչու կեղևից նավակներ էին շինում, անցնում գետը ու գնում անտառ՝ հատապտուղներ, սունկ և տխիլ հավաքելու: Հատապտուղներ հավաքելը դժվար գործ էր, որովհետև ճստլիկները շատ պստիկ էին, իսկ տխիլի համար արդեն ստիպված էին բարձր թփի վրա մագլցել ու դեռ սղոցն էլ հետները քարշ տալ: Ճստլիկներից ոչ մեկը ձեռքով չէր կարող տխիլ պոկել, սղոցով էին կտրում: Սունկերն էլ էին սղոցով կտրում: Արմատից սղոցում էին, հետո կտոր-կտոր անում ու մաս-մաս տուն տանում:

Ճստլիկները բոլորը միանման չէին: Նրանցից ոմանք կոչվում էին մանչուկներ, իսկ ոմանք՝ աչոնիկներ: Մանչուկները միշտ հագնում էին երկար տաբատ կամ էլ՝ ուսակապերով կարճ տաբատ, իսկ աչոնիկները սիրում էին ծաղկավոր, վառ գույնի զգեստներ հագնել: Մանչուկները չէին սիրում երկար ու բարակ զբաղվել իրենց մազերով, դրա համար էլ նրանց մազերը միշտ կարճ էին կտրած, իսկ աչոնիկներինը՝ երկար էին: Նրանք շատ էին սիրում ամեն տեսակի սիրուն սանրվածքներ. երկար հյուսեր էին անում, մազերի հետ ժապավեններ հյուսում, գլխներին էլ բանթ կապում: Շատ մանչուկներ պարծենում էին, որ իրենք մանչուկ են և գրեթե բնավ ընկերություն չէին անում աչոնիկների հետ: Իսկ աչոնիկներն էլ պարծենում էին, որ իրենք աչոնիկ են և նույնպես բնավ ընկերություն չէին անում մանչուկների հետ: Եթե աչոնիկներից մեկը փողոցում հանդիպում էր մի մանչուկի, ապա հեռվից նկատելուն պես, անմիջապես անցնում էր փողոցի մյուս կողմը: Եվ լավ էլ անում էր, որովհետև մանչուկների մեջ կային այնպիսիները, որոնք հանգիստ չէին կարողանում անցնել աչոնիկի կողքով և անպայման վիրավորական մի բան էին ասում, նույնիսկ հրում էին կամ էլ, որ ամենավատն էր, հյուսիցն էին քաշում: Իհարկե, բոլոր մանչուկները չէ, որ այդպես էին, բայց դա հո նրանց ճակատին գրած չէր: Դրա համար էլ աչոնիկները գտնում էին, որ ավելի լավ է հենց սկզբից անցնել փողոցի մյուս կողմը և չհանդիպել նրանց: Այդ պատճառով էլ մանչուկներից շատերը նրանց լոպազ էին ասում, համա թե բառ էին հնարել, իսկ աչոնիկներից շատերը մանչուկներին «կռվարար» և ուրիշ վիրավորական մականուններ էին տալիս:

Մաս 2

Ընթերցողներից ոմանք իսկույն կասեն, թե երևի այս բոլորը փչոցներ են և որ կյանքում այդ տեսակ մանչուկներ չեն լինում: Բայց դե ո՞վ է ասում, թե այդպիսիները լինում են կյանքում: Կյանքում լինելը մի բան է, իսկ հեքիաթային քաղաքում լինելը՝ բոլորովին այլ բան: Հեքիաթային քաղաքում ամեն ինչ էլ կարող է լինել:

Զանգակածաղկի փողոցի տնակներից մեկում ապրում էին տասնվեց ճստլիկ մանչուկներ: Նրանցից ամենագլխավորը մի ճստլիկ մանչուկ էր՝ Գիտունիկ անունով: Գիտունիկ էին ասում, որովհետև շատ բան գիտեր նա: Իսկ շատ գիտեր, որովհետև զանազան գրքեր էր կարդում: Այդ գրքերը և՛ նրա սեղանին էին, և՛ սեղանի տակ, և՛ մահճակալին, և՛ մահճակալի տակ: Նրա սենյակում չկար մի տեղ, որ գրքեր դրված չլինեին: Գրքեր կարդալով Գիտունիկը շատ էր խելոքացել: Դրա համար բոլորը նրան լսում ու շատ սիրում էին: Նա միշտ սև կոստյում էր հագնում, իսկ երբ սեղան էր նստում, քթին ակնոց էր դնում և սկսում որևէ գիրք կարդալ. դրանով նմանվում էր իսկական պրոֆեսորի:

Նույն այդ տնակում էր ապրում նաև հայտնի բժիշկ Հաբիկյանը, որ բուժում էր ճստլիկների բոլոր հիվանդությունները: Նա ման էր գալիս սպիտակ խալաթով, գլխին էլ ծոպավոր սպիտակ թասակ դնում: Այստեղ էր ապրում նաև հռչակավոր մեխանիկ Պտուտակիկը՝ իր օգնական Ագուցիկի հետ, այստեղ էր նաև Օշարակ Օշարակովիչ Քաղցրահյութիկը՝ հռչակված նրանով, որ շատ էր սիրում գազով քաղցրաջուր խմել: Նա շատ քաղաքավարի էր: Նրան շատ էր դուր գալիս, երբ իրեն անուն-հայրանունով էին կոչում, և չէր սիրում, երբ մեկն ու մեկը ուղղակի Քաղցրահյութիկ էր ասում: Այդ տանն էր բնակվում նաև որսորդ Փամփուշտիկը, որը Քոթոթիկ անունով մի շուն ուներ և մեկ էլ՝ խցաններով  կրակող հրացան: Այդ տանն էին ապրում նաև նկարիչ Ներկամոլիկը, երաժիշտ Տավղիկը և մյուս մանչուկներ՝ Հապճեպիկը, Փնթփնթիկը, Լռիկմնջիկը, Պոնչիկը, Շվարիկը և Երևիկ ու Գուցեմիկ եղբայրները: Բայց նրանց մեջ ամենահայտնին Անգետիկ անունով մանչուկն էր: Անգետիկ էին ասում, որովհետև նա ոչինչ չգիտեր:

Այդ Անգետիկը վառ երկնագույն գլխարկ էր դնում, հագնում էր դեղին, դեղձանիկի գույնի տաբատ ու կանաչ փողկապով նարնջագույն վերնաշապիկ: Առհասարակ նրա խելքը գնում էր վառվռուն գույների համար: Այսպես, թութակի նման պճնվելով, Անգետիկն ամբողջ օրը պարապ-սարապ թրև էր գալիս քաղաքում, սուտ ու մուտ բաներ հորինում ու պատմում բոլորին: Բացի այդ, նա միշտ նեղացնում էր աչոնիկներին: Դրա համար էլ աչոնիկները հենց որ հեռվից տեսնում էին նրա նարնջագույն վերնաշապիկը, իսկույն ծռում էին իրենց ճանապարհն ու թաքնվում տների հետևում:

Մաս 3

Անգետիկը Ալարկոտիկ անունով մի ընկեր ուներ, որ ապրում էր Անթառամների փողոցում: Անգետիկն այդ Ալարկոտիկի հետ կարող էր ժամերով շաղակրատել: Նրանք օրը քսան անգամ կռվում էին, քսան անգամ հաշտվում:

Հատկապես մի դեպքից հետո հռչակվեց Անգետիկը:

Մի անգամ, քաղաքում զբոսնելուց հետո, նա դաշտ դուրս եկավ: Շուրջը ոչ ոք չկար: Այդ պահին թռչում էր մայիսյան բզեզը: Նա չնկատեց Անգետիկին և թռչելիս դիպավ նրա ծոծրակին: Անգետիկը գլուխկոնծի տվեց գետնին: Բզեզը նույն պահին թռավ ու անհետացավ հեռվում: Անգետիկը վեր թռավ ու սկսեց դեսուդեն նայել, թե ով էր խփողը: Բայց շուրջը ոչ ոք չկար:

«Էս ո՞վ խփեց ինձ,- միտք էր անում Անգետիկը: -Գուցե վերևի՞ց բան ընկավ:»

Նա գլուխը բարձրացրեց ու վեր նայեց, բայց այնտեղ էլ ոչինչ չկար: Միայն արևն էր փայլում Անգետիկի գլխավերևում:

«Կա-չկա, արևից ինչ-որ բան ընկավ ինձ վրա,- վճռեց Անգետիկը: -Երևի արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ»:

Տուն գնալիս նա հանդիպեց մի ծանոթի, որին Ոսպնյակիկ էին կոչում:

Այդ Ոսպնյակիկը հռչակավոր աստղագետ էր: Նա ջարդված շշի կտորտանքից կարողանում էր խոշորացույցներ շինել: Երբ այդ խոշորացնող ապակիների միջով նայում էր զանազան առարկաների, դրանք մեծ էին թվում: Այդպիսի մի քանի խոշորացնող ապակիներից Ոսպնյակիկը մի մեծ դիտափող էր շինել, որով կարելի էր նայել լուսնին ու աստղերին: Այսպիսով, նա դարձել էր աստղագետ:

-Լսի՛ր, Ոսպնյակիկ,- ասաց նրան Անգետիկը,- Գիտե՞ս ինչ պատահեց. արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ:

-Ի˜նչ ես ասում, Անգետիկ,- ծիծաղեց Ոսպնյակիկը: -Արևից մի կտոր որ պոկվեր, քեզ կճխլեր, լավաշ կշիներ: Ախր, արևը շա˜տ մեծ է: Նա մեր երկրից էլ մեծ է:
-Չի՛ կարող պատահել,- պատասխանեց Անգետիկը: -Իմ կարծիքով արևը ափսեի չափ է:

-Դա մեզ թվում է միայն, որովհետև արևը մեզնից շատ հեռու է: Արևը մի հսկայական շիկացած գունդ է: Ես իմ դիտափողով եմ տեսել: Եթե արևից թեկուզ ամենափոքրիկ կտորն էլ պոկվեր, մեր ողջ քաղաքը կավերեր:

-Մի տես, է˜,- պատասխանեց Անգետիկը: -Իսկ ես չգիտեի, թե արևն այդքան մեծ է: Գնամ մերոնց պատմեմ, նրանք երևի չեն էլ լսել այդ մասին: Իսկ դու, համենայն դեպս, նայիր արևին քո դիտափողով, գուցե իրոք վրան քերծվածք նկատես:

Մաս 4

Անգետիկը գնաց տուն և ճանապարհին ում պատահեց պատմեց.

-Եղբայրնե˜ր, դուք գիտե՞ք, թե արևն ինչքան է: Նա մեր երկրից էլ մեծ է, այ թե ինչ: Եվ ահա, եղբայրներ, արևից մի կտոր պոկվել ու թռած մեր կողմն է գալիս: Շուտով նա վայր կընկնի ու մեզ բոլորիս կճխլի: Սոսկալի բան կլինի: Այ, գնացեք Ոսպնյակիկին հարցրեք:

Ովքեր լսում, ծիծաղում էին, որովհետև գիտեին, որ Անգետիկը շաղակրատի մեկն է: Իսկ Անգետիկը թռած տուն վազեց ու գոռաց.

-Եղբայրնե˜ր, գլխներիդ ճարը տեսեք: Մի կտոր թռած գալիս է:

-Ի՞նչ կտոր,- հարցրին նրան:

-Կտոր, ախպերս: Արևից մի կտոր է պոկվել: Շուտով մեզ վրա կշրմփա ու վերջներս կտա: Գիտե՞ք արևն ինչքան է: Նա մեր երկրից էլ մեծ է:

-Ինչե˜ր ես հնարում:

-Ոչ մի բան էլ չեմ հնարում: Ոսպնյակիկն է ասել: Նա իր դիտափողով է տեսել: Բոլորը դուրս վազեցին ու սկսեցին արևին նայել: Նայեցին, նայեցին, այնքան նայեցին, որ աչքերից արցունք եկավ: Բոլորին սկսեց թվալ, թե իրոք արևը քերծված է:

Իսկ Անգետիկը դողում էր.

-Ով կարող է, թող գլուխն ազատի: Փորձա˜նք է:

Բոլորն իրենց իրերին վազեցին: Ներկամոլիկը հափշտակեց իր ներկերն ու վրձինը, Տավղիկը՝ իր երաժշտական գործիքները. և՛ ջութակը, և՛ բալալայկան, և՛ շեփորը: Բժիշկ Հաբիկյանը պատեպատ էր դիպչում ու փնտրում էր ճամփորդական դեղարկղը, որ չգիտես ուր էր անհետացել: Պոնչիկը խլեց իր կրկնակոշիկներն ու հովանոցը և դարպասից դուրս թռավ, բայց այդ պահին լսվեց Գիտունիկի ձայնը.

-Հանգստացե՛ք, եղբայրներ: Ի՞նչ եք իրար անցել: Սարսափելի ոչինչ չկա: Դուք չգիտե՞ք, որ Անգետիկը շաղակրատի մեկն է: Այդ բոլորը նրա հնարածն է:

-Հնարել եմ, հա՞,- ծղրտաց Անգետիկը: -Այ, գնացեք ու Ոսպնյակիկին հարցրեք:

Բոլորը վազեցին Ոսպնյակիկի մոտ և պարզվեց, որ իրոք Անգետիկն այդ բոլորը հնարել է: Այ թե ծիծաղեցին, հա˜: Բոլորը ծիծաղում էին Անգետիկի վրա ու ասում.

-Զարմանում ենք, թե ո՞նց եղավ, որ հավատացինք քեզ:

-Բա ես չե՞մ զարմանում: Ախր, ես էլ էի հավատում:

Այ թե ինչ ծիծաղելին էր այդ Անգետիկը:

Աշխատանքային էջ՝ Անգետիկի արկածները

Գլուխ 2․ Թե ինչպիսի երաժիշտ է Անգետիկը

Մաս 1

Երբ Անգետիկը մի գործ էր բռնում, ապա դա անում էր ոչ այնպես, ինչպես հարկն է և ամեն ինչ շիլա-շփոթ էր ստացվում: Նա սովորել էր հեգելով կարդալ, իսկ գրել կարողանում էր միայն տպագիր տառերով: Շատերն ասում էին, իբր թե Անգետիկի գլուխը բոլորովին դատարկ է, բայց դա ճիշտ չէ, որովհետև այդ դեպքում նա ինչպե՞ս գլխի կընկներ հասարակ բաները։ Ճիշտ է, նա վատ էր հասկանում, բայց կոշիկները հագնում էր ոտքերին և ոչ թե գլխին՝ դե, սրա համար էլ հասկացողություն է պետք, չէ՞։

Անգետիկն այնքան էլ վատ տղա չէր: Նա շատ էր ուզում որևէ բան սովորել, բայց չէր սիրում չարչարվել: Նա ուզում էր միանգամից սովորել, առանց ջանք թափելու, իսկ այդպես, իհարկե, ոչինչ չէր ստացվի, նույնիսկ ամենախելոք Ճստլիկը բան չէր սովորի։

Մանչուկներն ու աչոնիկները շատ էին սիրում երաժշտություն, իսկ Տավղիկը սքանչելի երաժիշտ էր: Նա զանազան երաժշտական գործիքներ ուներ և հաճախ նվագում էր դրանց վրա: Բոլորը լսում էին այդ երաժշտությունը և գովաբանում նրան: Անգետիկը նախանձում էր, որ գովում էին Տավղիկին: Մի օր էլ նա խնդրեց.

— Ինձ նվագել սովորեցրու: Ես էլ եմ ուզում երաժիշտ դառնալ:

— Սովորիր, — համաձայնեց Տափլիկը: — Ի՞նչ ես ուզում նվազել:

— Ո՞րն է ամենից հեշտ սովորելու գործիքը:

— Բալալայկան:

— Դե, տուր բալալայկան փորձեմ:

Տավղիկը նրան տվեց բալալայկան: Անգետիկը ծնգծնգացրեց լարերի վրա: Հետո ասաց.

— Չէ, բալալայկան շատ ցածր ձայն է հանում: Բարձր ձայն ունեցող մի ուրիշ բան տուր:

Մաս 2

Տավղիկը նրան տվեց ջութակը: Անգետիկը սկսեց աղեղով խզխզացնել լարերի վրա ու ասաց.

— Ավելի բարձր նվազող բան չունե՞ս:

— Գալարափող ունեմ, — պատասխանեց Տավղիկը:

— Մի դեսը տուր, փորձենք:

Տավղիկը նրան տվեց պղնձե մեծ գալարափողը: Անգետիկը որ չփչեց, խլացուցիչ ոռնոց դուրս եկավ:

— Այ, սա լավ գործիք է, — ուրախացավ Անգետիկը: — Բարձր ձայն ունի:

— Դե, եթե քեզ դուր է գալիս, սովորիր դա նվագել, — համաձայնեց Տավղիկը:

— Ինչի՞ս է պետք սովորելը: Ես առանց այն էլ գիտեմ, — պատասխանեց Անգետիկը:

— Չէ, դու դեռ չգիտես:

— Գիտեմ, գիտեմ: Այ, լսիր, — գոռաց Անգետիկն ու ամբողջ ուժով սկսեց փչել փողը:

Բու— բու— բու, դու— դու— դու:

— Դու հենց այնպես փչում ես, չես նվագում, — պատասխանեց Տավղիկը:

— Ո՞նց թե չեմ նվագում, — նեղացավ Անգետիկը: — Շատ լավ էլ նվագում եմ: Բարձր է ու զիլ:

— Ախ դու, անգետ: Բանը հո բարձր նվազելը չի: Հարկավոր է, որ գեղեցիկ ստացվի:

— Դե գեղեցիկ էլ ստացվում է, էլի:

— Իսկի էլ գեղեցիկ չի, — ասաց Տավղիկը: — Ես տեսնում եմ, որ դու շնորհք չունես:

— Դու չունես, — բարկացավ Անգետիկը: — Դու նախանձից ես այդպես ասում: Դու ուզում ես, որ մենակ քեզ լսեն ու գովեն:

— Ամենևին էլ չէ, — ասաց Տավղիկը: — Վերցրու ու նվագիր ինչքան ուզում ես, եթե կարծում ես, որ հարկավոր չի սովորել: Թող քեզ էլ գովեն:

— Հա, հենց կնվագեմ, — պատասխանեց Անգետիկը:

Մաս 3

Նա սկսեց փչել, բայց քանի որ նվագել չգիտեր, գալարափողը մերթ մռնչում էր, մերթ խռխռացնում, մերթ ծղրտում, մերթ էլ խրթխրթացնում: Տավղիկն ականջ դրեց, դրեց… Վերջապես ձանձրացավ: Նա հագավ իր թավշե բաճկոնը, վարդագույն բանթը, որ կրում էր փողկապի փոխարեն, ամրացրեց վզին և հյուր գնաց:

Երեկոյան, երբ բոլոր Ճստլիկները տուն եկան, Անգետիկը նորից վերցրեց գալարափողն ու սկսեց փչել.

Բու— բու— բու: Դու— դու— դու:

— Այս ի՞նչ աղմուկ է, — գոչեցին բոլորը:

— Աղմուկ չի, — պատասխանեց Անգետիկը: — Ե՛ս եմ նվագում:

— Վերջ տուր իսկույն, — գոռաց Գիտունիկը: — Քո նվագից ականջներս ցավում են:

— Դա նրանից է, որ դեռ չես վարժվել իմ երաժշտությանը: Այ, կվարժվես, էլ ականջներդ չեն ցավի:

— Ես իսկի էլ չեմ ուզում վարժվել: Շատ պետքս է։

Բայց Անգետիկը չլսեց նրան ու շարունակեց նվազել. Բու— բու— բու: Խըռ— խըռ— խը՜ռ: Վիու— վիու:

— Դե վերջ տուր, — հարձակվեցին բոլոր Ճստլիկները։ — Կորիր այստեղից քո գարշելի գալարափողով:

— Ո՞ւր գնամ:

— Գնա դաշտ ու այնտեղ նվագիր:

— Ախր դաշտում ինձ ոչ ոք չի լսի:

— Իսկ քեզ պետք է, որ անպայման մեկն ու մեկը լսի՞:

— Անպայման:

— Դե, գնա փողոց, թող հարևանները լսեն:

Անգետիկը գնաց փողոց ու սկսեց նվագել հարևան տան մոտ, բայց հարևանները խնդրեցին չաղմկել լուսամուտների տակ: Նա գնաց մի ուրիշ տան մոտ՝ այնտեղից էլ վռնդեցին: Գնաց երրորդ տան մոտ՝ այնտեղից էլ քշեցին: Անգետիկն էլ վճռեց ի հեճուկս նրանց նվագել ու նվագել: Հարևանները զայրացան, դուրս վազեցին տներից ու ընկան նրա հետևից: Անգետիկը գործիքը ձեռքին հազիվ փախավ նրանցից:

Այդ օրվանից Անգետիկը դադարեց գալարափող նվազել:

— Իմ երաժշտությունը չեն հասկանում, — ասում էր նա: — Դեռ չեն հասել իմ երաժշտությունը հասկանալու աստիճանին: Երբ կհասնեն, իրենք կխնդրեն, բայց ուշ կլինի, էլ չեմ նվագի:

Աշխատանքային էջ՝ Անգետիկի արկածները 2

Աղբյուրն՝ այստեղ։

Համանուն մուլտֆիլմն՝ այստեղ։

Դատավոր աղվեսը

(վրացական հեքիաթ)

Կար չկար մի կապիկ կար, անդադար, ինչպես բոլոր կապիկները։ Նա իր քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ։
Մի անգամ կապիկը քարերի կույտ նկատեց ու հետաքրքրասիրությունը սկսեց անհանգստացնել նրան։ «Պետք է տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված»։ Կապիկը սկսեց քարերը մի կողմ դնել։ Մի անցք բացվեց։ Անդադարը իր թաթը մտցրեց բացված անցքի մեջ, տեսնելու, թե ինչ կգտնի այնտեղ։ Իսկ անցքից դուրս սողաց մի հսկա օձ։
Դուրս գալով իր մութ խցից, օձը ֆշշացրեց ու պատրաստվեց նետվել կապկի վրա։
«Հիմարի գլուխ,- ինքն իրեն մռթմռաց կապիկը,- ինչի՞ համար մտար անցքի մեջ։ Քեզ թվում էր յուղի կճուճ պիտի գտնեի՞ր»։
— Խղճա ինձ, մեծն վիշապ,- սկսեց խնդրել օձին կապիկը։- Թե իմանայի, որ սա քո տիրույթն է, երբեք չէի էլ փորձի խախտել քո հանգիստը։
Բայց ո՞ր մի օձը կխղճար։
— Դու արդարացում չունես,- ֆշշաց նա։- Դու ինձ արթնացրեցիր և միայն քո մահով կքավես քո մեղքը։
Հենց այդ պահին նրանց մոտով անցնում էր աղվեսը։ Կապիկը լսել էր աղվեսների խորամանկության մասին և կանգնեցրեց նրան։
— Թող իմաստուն աղվեսը լուծի մեր վեճը։
— Լավ, խոսիր, աղվես, տեսնեմ դու ի՞նչ կասես,- համաձայնեց օձը։
— Ականատեսներ չկան, իսկ ես ինքս ոչինչ չեմ տեսել։ Ինչպե՞ս արդարացի դատեմ ձեզ,- ասեց աղվեսը։- Ցույց տվեք այն ամենը, ինչ եղել է։ Դու, օձ, նորից հետ սողա դեպի քո խուցը, իսկ դու, կապիկ, քարերը նորից կույտ դարձրու։
Օձին դուր եկավ խելացի դատավորը։
— Ես իմ խցում նստած էի ահա այսպես,- ասեց օձը։ Նա գլուխը մտցրեց անցքի մեջ ու դանդաղ անհետացավ։
— Հիմա քո հերթն է, մի հապաղի,- շշնջաց աղվեսը կապիկին՝ խորամանկ աչքով անելով։
Կապիկն արագ-արագ անցքը ծածկեց քարերով։
Աղվեսն ասեց.
— Լսիր իմ դատը, անշնորհակալ օձ։ Դու բարկացել ես նրա համար, որ քեզ ազատություն են տվել։ Այնպես որ, հիմա նստիր քո մութ խցում ու քնիր ինչքան կկամենաս։ Իսկ հիմար կապիկն այլևս չի խանգարի քո քունը։
Այդ օրվանից կապիկը դադարեց մտնել իրեն չվերաբերող գործերի մեջ։

Կատուն ու աղվեսը

(ռուսական հեքիաթ)

Մի մարդ մի ծույլ ու անբան կատու ուներ։ Մի օր մարդը ձանձրացավ կատվին տիրություն անելուց ու որոշեց նրան կորցնել։ Տարավ կատվին անտառ ու այնտեղ թողեց։ Թափառեց կատուն անտառում ու հանդիպեց աղվեսին։ Տեսավ աղվեսը կատվին ու զարմացավ. «Այսքան տարի ապրում եմ անտառում, բայց այսպիսի կենդանի առաջին անգամ եմ հանդիպում»։ Խոնարհվեց կատվի առաջ ու հարցրեց.
— Ասա, խնդրեմ, եղբայր իմ, ո՞վ ես դու։ Ի՞նչ է անունդ։

Կատուն ճկեց մեջքը, ցցեց բեղերն ու պատասխանեց.
— Ես սիբիրյան անտառներից Մլավան Փիսոն եմ։
— Հյուր եկ ինձ, Մլավան Փիսո։
Աղվեսը կատվին տարավ իր որջը և նրանք սկսեցին միասին ապրել։
Մի օր աղվեսը գնաց սնունդ հայթայթելու, իսկ կատուն մնաց տանը։ Ճանապարհին աղվեսն հանդիպեց գայլին.
— Այս ո՞ւր ես կորել, աղվես քույրիկ։
— Ես ամուսնացել եմ։
— Այդ ո՞ւմ հետ,- զարմացավ գայլը։
— Սիբիրյան անտառներից եկած Մլավան Փիսոյի հետ։
— Ես ուզում եմ նրան տեսնել։
— Կարելի է։ Բայց իմ Փիսոն բարկացկոտ է, ով դուրը չգա, կուտի նրան։ Նրա մոտ առանց նվեր չի կարելի գնալ։ Նվեր պատրաստիր ու եկ, ծանոթացիր։

Եվ աղվեսը շարունակեց ճանապարհը։ Նրա ճանապարհն այս անգամ կտրեց արջը։
— Այս ո՞ւր ես կորել, աղվես քույրիկ, վաղուց չես երևացել էս կողմերում։
— Ես ամուսնացել եմ։
— Այդ ո՞ւմ հետ,- զարմացավ արջը։
— Սիբիրյան անտառներից եկած Մլավան Փիսոյի հետ։
— Ես ուզում եմ նրան տեսնել։
— Կարելի է։ Բայց իմ Փիսոն բարկացկոտ է, ով դուրը չգա, կուտի նրան։ Նրա մոտ առանց նվեր չի կարելի գնալ։ Նվեր պատրաստիր ու եկ, ծանոթացիր։
Գայլը մի ոչխար, իսկ արջը՝ մի ցուլ վերցրած եկան աղվեսին հյուր։
— Բարև Արջ ախպեր,- ասեց գայլը։
— Բարև Գայլ եղբայր։ Դեռ չե՞ս հանդիպել աղվեսին ու Մլավան Փիսոյին,- հարցրեց արջը։
— Չէ, բայց արդեն վաղուց եմ սպասում։
— Դե դռան զանգն հնչեցրու։
— Չէ, ես դա չեմ անի, Արջ։ Դու հնչեցրու։ Դու ինձնից համարձակ ես։
— Չէ, Գայլ եղբայր, ես էլ չեմ համարձակվի։
Ու այդ պահին, որտեղից որտեղ դուրս վազեց նապաստակը։ Արջը նրան ձայն տվեց.
— Շլդիկ, հապա այստեղ արի։
Նապաստակը վախեցած մոտ վազեց։

— Այ շլդիկ, դու գիտե՞ս թե որտեղ է աղվեսն ապրում։
— Գիտեմ։
— Դե, շտապիր աղվեսի մոտ ու ասա, որ Գայլն ու Արջը նվերներով վաղուց իրեն ու Մլավան Փիսոյին են սպասում։
Ինչքան ոտքերում ուժ կար, նապաստակը վազեց դեպի աղվեսի տուն։ Իսկ արջն ու գայլը մտածում էին, թե որտեղ թաքնվեն։ Արջն ասեց.
— Ես սոճու վրա կբարձրանամ։
— Իսկ ես որտե՞ղ թաքնվեմ,- հարցրեց գայլը։- Ես չեմ կարող ծառ բարձրանալ։ Օգնիր ինձ թաքնվել։
Արջը գայլին դրեց թփերի մեջ, չոր տերևներով ծածկեց, իսկ ինքը բարձրացավ սոճու կատարը ու սկսեց դիտել, չի՞ երևում արդյոք Մլավան Փիսոն։
Նապաստակը վազեց աղվեսի մոտ ու ասեց.

— Արջն ու գայլն ինձ ուղարկել են ասելու, որ վաղուց պատրաստ են ու նվերներով սպասում են քեզ և Մլավան Փիսոյին։
— Գնա ու ասա իրենց, որ շուտով կգանք,- պատասխանեց աղվեսը։
Եվ ահա, աղվեսն ու կատուն եկան։ Արջը տեսավ նրանց ու գայլին շշնջաց.
— Գայլ ախպեր, աղվեսն ու Մլավան Փիսոն գալիս են։ Բայց ի՜նչ փոքր է նա։
Իսկ այդ ժամանակ կատուն տեսավ ոչխարը։ Նրա մորթին բիզ-բիզ կանգնեց։ Ու կատուն սկսեց ատամներով ու ճանկերով ոչխարի միսը բզկտել ու մլավել. «Մյաու, մյաու»։
Իսկ արջը վախից լսեց. «Էլի, էլի»։
«Փոքր գազան է, բայց լա՜վ ախորժակ ունի,- մտածեց արջը։ Մենք չորս հոգով հազիվ ուտենք էս ոչխարը, իսկ իրեն համար քիչ է»։
Գայլը ևս ուզում էր տեսնել Մլավան Փիսոյին, բայց տերևները խանգարում էին։ Նա փորձեց մռութը դուրս հանել տերևների արանքից, իսկ կատուն լսելով տերևների խշխշոցը, մտածեց, թե մուկ է։ Ու թռավ և ճանկեց գայլի մռութը։

Գայլը դուրս թռավ թփերի տակից ու փախավ։ Իսկ կատուն, վախենալով գայլից, թռավ սոճու վրա, որի վրա արջն էր թաքնված։
Վախեցավ արջն ու իրեն ցած նետեց ծառից ու սկսեց փախչել։
Այդ օրվանից անտառում բոլոր կենդանիները վախենում էին կատվից, իսկ կատուն ու աղվեսը ապրում էին միասին ու հաշտ ու համերաշխ։

Աղբյուրն՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն