Օրական պահոցներ՝ 18.12.2022

Հունվարի ընթերցարան

Մթից վախեցող ավտոբուսի մասին

Դոնալդ Բիսեթ

Մաս 1

Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին, գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսն էլ էր ցերեկները տանում-բերում, տանում-բերում: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. Ախր ինքը մթից շատ էր վախենում:  Մի օր մայրն ասում է նրան.

— Մի բան պատմեմ՝ լսիր:  «Շատ վաղուց  մի Մութ էր ապրում: Էս Մութը վախենում էր ավտոբուսներից: Մի օր նրա մայրը… Գիտե՞ս՝ ով էր նրա մայրը, գեղեցկուհի Հիրիկը: Հա՛, մայրը մի օր ասում է Մութին.

— Պետք չէ վախենալ: Եթե դու վախենաս դուրս գալ, վախենաս  աշխարհը մթով ծածկելուց, մութը չի ընկնի, մարդիկ այդպես էլ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, որ երկնքում փայլելու ժամանակն է: Դե, ի՞նչ կասես:

  1. Ի՞նչ գույնի էր փոքրիկ ավտոբուսը:
  2. Ո՞ւմ հետ և որտե՞ղ էր ապրում փոքրիկ ավտոբուսը:
  3. Ինչո՞վ էին նախաճաշում ավտոբուսները:
  4. Ինչի՞ց էր վախենում փոքրիկ ավտոբուսը:

Մաս 2

Այդ ժամանակ Մութը, որ մինչ այդ պահ էր մտել Արևի թիկունքնում, սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Քաղաքում ավտոբուսները սլանում են իրար ետևից: Մութը սիրտ է անում ու մի քիչ էլ է իջնում ներքև: Փողոցում լապտերները կամաց-կամաց սկսում են վառվել, վարորդներն էլ իրենց մեքենաների լույսերն են վառում: Վերջապես Մութն ամբողջովին իջնում է քաղաքի վրա:  Նա  չի հասցնում ուշքի գալ, երբ նրա միջով մի ավտոբուս է սլանում: Ի՞նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր, ափսոս մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով  էլի  մի քանի ավտոբուս է անցնում: Նրանց մեջ լույսեր են վառվում, մարդիկ տոմսեր են գնում, նստում ու կանգնում են:  Մի խոսքով՝ ժամանակը շատ լավ էր անցնում:

Մի քիչ ուշ դուրս է գալիս Լուսինը: Ավտոբուսը տների հետ պահմտոցի է խաղում:

Առավոտյան դարձյալ ծագում է արևն ու Մթին ուղարկում տուն՝ մայրիկի մոտ: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից»:

Երբ մայրիկ – ավտոբուսը վերջացնում է իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասում է.

– Լավ, ես էլ կգնամ:

Վարոդը գալիս է, շարժիչը միացնում, մարդիկ գալիս են, նստում տեղերում, տոմսավաճառը զանգը տալիս է, և փոքրիկ ավտբուսը գնում է ուղիղ Մթան միջով: Նա մարդկանց գլխավոր փողոցով տանում էր  մեծ քաղաք, որը հենց ծովի մոտ էր գտնվում:

  1. Ի՞նչ պատմեց մայր ավտոբուսը մթի մասին:
  2. Եթե Մութը դուրս չգար, ի՞նչ կլիներ:
  3. Երբ մութն ընկնում էր, ի՞նչ էր կատարվում:
  4. Պատմի՛ր փոքրիկ ավտոբուսի մասին:
  5. Իսկ դու ինչի՞ց ես վախենում:

 

Էմիլի արկածները (hատված)

                                                                            Աստրիդ Լինդգրեն

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

    Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

    Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

մաս 2-րդ

 Նա մտքի մեջ ընկավ, հետո մի անգամ էլ չորս կողմը նայեց: Հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ ցախատանը շատ մոտ գտնվող մառանի պատուհանը բաց է: Նրա գլխում իսկույն մի միտք փայլեց. Մի պատուհանից մյուսը տախտակ դնել և դրա վրայով մտնել մառան: Ճիշտն ասած, նա շատ էր հոգնել ցախատանը նստելուց և լավ էլ քաղցած էր:

 Էմիլը երկար մտածել չէր սիրում: Մի վայրկյան անց տախտակը դրված էր, և Էմիլը սողում էր նրա վրայով:

    Տախտակը ճռճռում ու ճկվում էր: Երբ Էմիլը ցած նայեց ու տեսավ եղինջի բարձր թփերը, վախից ճոճվեց, բայց շարունակեց սողալ և վերջապես հասավ մառան: Նա ետ հրեց տախտակը, որն անհետացավ ու շրխկոցով ընկավ ցախատան տախտակների վրա: Էմիլը գոհ էր իրենից, նա վազեց դեպի դուռը, բայց դուռը փակ էր:

— Այդես էլ գիտեի, — հոգոց հանեց Էմիլը:- Բայց ոչինչ, շուտով նրանք կգան երշիկ վերցնելու, այն ժամանակ գնդակի նման դուրս կթռչեմ այստեղից:

  Նա  սկսեց հոտոտել: Մառանը լցված էր համեղ հոտերով: Շուրջը նայեց: Այ քեզ բա՜ն: Ինչքա՜ն ուտելիք կա: Իսկ մեջտեղի դարակում տնական երշիկներն են: Ինչ ճիշտ է, ճիշտ է՝ Էմիլը տնական երշիկ սիրում է:

մաս 3-րդ

 ………… և հանկարծ Էմիլի մայրը բացականչեց.

— Վա՜յ, ախր մենք մոռացել ենք Էմիլին: Նա վաղուց ցախատանն է:

  Հայրը վազեց ցախանոց, նրա հետևից սլացավ քույրիկ Իդան:

— Էմի՛լ, արդեն կարող ես դուրս գալ,- կանչեց հայրը՝ լայն բացելով ցախանոցի դուռը:

  Պատկերացնու՞մ ես՝ նա ինչպես ապշեց: Էմիլը ցախատանը չէր:

— Անպիտանը պատուհանով է փախել,- մտածեց նա:

   Բայց երբ պատուհանից նայեց ու տեսավ եղինջի բարձր ու անվնաս մացառուտները, լրջորեն անհանգստացավ:

— Չեմ պատկերացնում՝ նա ուր կարող է կորչել, — բացականչեց հայրը:

— Այստեղ ոչ մի հետք չկա: Կարող եմ հաստատ ասել, որ այստեղով մարդ չի անցել:

  Քույրիկ Իդան սկսեց լաց լինել: Ի՞նչ է պատահել Էմիլին…

  Իրենց ծառան տխուր երգ էր երգում մի աղջկա մասին: Այդ աղջկան գցել էին նկուղ, նա սպիտակ աղավնի էր դարձել ու երկինք թռել, որ չնստի այդ սարսափելի բանտում: Չէ՞ որ Էմիլին էլ էին փակի տակ պահել: Ի՞նչ իմանաս, գուցե նա էլ է թռչուն դարձել ու թռել: Իդան շուրջը նայեց, բայց չալպուտուրիկ հավից բացի ոչ մի թռչուն չտեսավ: Քույրիկ Իդան ավելի ուժգին լաց եղավ ու ցույց տվեց հավին.

— Գուցե սա Էմիլն է:

 Էմիլի հայրը, իհարկե, այդ կարծիքին չէր, բայց , չգիտես ինչու, վազեց մայրիկի մոտ:

— Դու չե՞ս նկատել, Էմիլը թռչել կարողանու՞մ էր:

— Գուցե պետք է մառանում փնտրել,-  ասաց Լինան՝ նրանց ծառան:

   Դա բոլորովին էլ հիմար միտք չէ: Բոլորը նետվեցին մառան, բայց Էմիլը մառանում էլ չէր:

մաս 4-րդ

  Քույրիկ Իդան հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Երբ ոչ ոք նրան չէր նայում, վազում էր չալպուտուրիկ հավի մոտ ու շշնջում.

— Չհեռանաս մեզանից, Էմի՛լ: Ես քեզ համար շատ կուտ կբերեմ, միայն թե չթռչես-գնաս:

   Հավը ոչինչ չէր ասում, հենց այնպես կռթկռթում էր:

   Էմիլին փնտրում էին ամեն տեղ, բոլորն ուղղակի ուժասպառ եղան:

— Գուցե նա գետն է ընկել, — ասաց Լինան:

— Նրան արգելել էինք գետ գնալ,  դու դա գիտես, — ասաց մայրը:

  Լինան տմբտմբացրեց գլուխը.

— Գիտեմ, այ հենց դրա համար էլ այնտեղ է գնացել:

  Բոլորը վազեցին գետափ: Էմիլի հետքերը այնտեղ էլ չկային: Բոլորը լաց էին լինում:

   Այլևս տեղ չկար, որ Էմիլին փնտրած չլինեին:

— Հիմա ի՞նչ անենք, — հուսահատված հարցրեց մայրը:

— Առաջին հերթին պետք է ուժերը վերականգնել, — որոշեց հայրը:

Մայրը սկսեց սեղան պատրաստել: Քիչ հետո դիմեց Լինային.

— Լինա՛, ախր մենք մոռացել ենք երշիկ բերել: Վազի՛ր մառան ու բեր:

  Լինան վերադարձավ առանց երշիկի:

— Եկե՛ք իմ հետևից, տեսե՛ք՝ ինչ եմ ցույց տալու:

  Բոլորը գնացին: Լինան բացեց մառանի ծանր դուռը ու ներս մտավ: Մառանում նա կանգնեց մեծ պահարանի առաջ, քմծիծաղով բացեց նրա դռները, ցույց տվեց մեջտեղի դարակը, որտեղ մայրիկը ապխտած երշիկներ էր պահում:

  Դարակում երշիկ չկար: Փոխարենը այնտեղ էր Էմիլը:

  Նա քնած էր, պառկել էր երշիկի կեղևների դեզի վրա ու քնել: Նրա մայրը երջանիկ էր: Կարևոր չէ, որ Էմիլը կերել էր  ամբողջ երշիկը: Մայրիկի համար կարևորը Էմիլի գտնվելն էր, քան մի քանի կիլոգրամ երշիկը: Ասենք, հայրիկի համար նույնպես:

— Ահա, Էմիլն է պառկած, — ծղրտաց քույրիկ Իդան: — Նա հավ չի դարձել … առայժմ չի դարձել:

Մի բաց նամակ ամենքին

Հովհաննես  Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։ 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Ծաղիկները

Հովհաննես Թումանյան

— Ո՞ւր գնացին ծաղիկները: 
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ: 

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի: 

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան: 

Նոր տարին անտառում

Սվետլանա Բորդներ

Մաս 1

Եկավ ձմեռը։ Անտառային կենդանիներն աշխատեցին ողջ ամառը և ձմռան պաշար հավաքեցին։ Բոլորն էլ ուտելիք բավականաչափ հավաքել էին ու սառնամանիքը նրանց չէր վախեցնում։ Դրսում հրաշալի ձմեռային եղանակ էր, ձյունը պարելով իջնում էր ցած։
Մոտենում էր Նոր տարին և անտառային կենդանիներն անհամբերությամբ էին սպասում Ձմեռ Պապիկի գալուն։ Նա միշտ գեղեցիկ նվերներ էր բերում իր ընկեր կենդանիներին։ Սկյուռիկները, նապաստակները, ոզնիներն ու նույնիսկ Ծուռթաթ արջուկն անընդհատ չորս կողմն էին նայում, տեսնելու, թե չի՞ երևում Ձմեռ պապիկը։ Կենդանիներից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը տեսնել Ձմեռ Պապիկին և ամենագեղեցիկ նվերը ստանալ։ Շարունակել կարդալ Հունվարի ընթերցարան