Օրական պահոցներ՝ 21.11.2022

Դեկտեմբերի ընթերցարան

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Ցանկությունների ծառը

Դոնալդ Բիսեթ

Մաս 1

 Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն,  ցանկությո՜ւն,  ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին։

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Մաս 2

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Մաս 3

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա։  Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Ձմեռ

Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևիցֈ
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։ Շարունակել կարդալ Դեկտեմբերի ընթերցարան